ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Հասմիկ Պողոսյանը վաղուց իր տեղում չէ»

«Հասմիկ Պողոսյանը վաղուց իր տեղում չէ»
20.06.2014 | 12:22

Համացանցում դեռ չէր մարել Զվարթնոց տաճարում կազմակերպված «խրախճանքի» վերաբերյալ քննադատության ալիքը, երբ դրան հաջորդեց Գառնու տաճարում ԿԲ-ի կազմակերպած միջոցառումը։ Պատմամշակութային նման վայրերում ճի՞շտ է արդյոք նման միջոցառումների կազմակերպումը՝ հետաքրքրվեցի ԱԺ մի քանի պատգամավորներից։

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
(ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ)
-Այն, որ Հայաստանում մշակույթն օր օրի անկում է ապրում, և ազգային արժեքները չեն կարևորվում, այլևս զարմանալի չէ։ Մի երկրի մշակույթի նախարար որ Հասմիկ Պողոսյանը լինի, ում որակները բոլորին են զարմացնում, այսօրվա վիճակն էլ սա կլինի։ Մշակույթ ներկայացնող մարդը պետք է գոնե մշակութային արժեքներ գնահատող լինի, իր կերպարով էլ՝ մասամբ մշակութային։ Այս ամենը Հասմիկ Պողոսյանի կերպարում ես չեմ տեսնում։ Նա վաղուց իր տեղում չէ։ Քանի դեռ նա անպատժելիորեն նման արարքներ է թույլ տալիս ու դեռ պաշտոնյա է, այսպիսի միջադեպերից զերծ չենք մնա։ Գառնին մեզ համար սրբություն սրբոցներից մեկն է, որը պետք է միայն հեռվից դիտել, նկարահանել՝ կարևորելով նրա պատմական արժեքը։ Իսկ հիմա կատարվում է հակառակը, այն դարձել է խրախճանքի վայր։ Հայաստանում բազմաթիվ խրախճանքի վայրեր կան, որոնք կառուցել են նրանք, ովքեր օգտվում են սրբավայրից։ Դրա փոխարեն պիտի սեփական օբյեկտներում իրենց ժամանցը կազմակերպեն, ոչ թե մեր սուրբ վայրերը պղծեն։

ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ընդհանրապես, աշխարհում նման կարգի միջոցառումները տարածված են։ Կան երկրներ, որոնք իրենց մշակութային կառույցներն օգտագործում են այդպիսի նպատակներով։ Բայց կա շատ կարևոր հանգամանք՝ ո՞վ է վարձակալում, ի՞նչ միջոցառում է անցկացնում։ Ես ինքս եղել եմ Զվարթնոց տաճարում, ու շատ հետաքրքիր համերգային ծրագիր է եղել, որին հաջորդել է ֆուրշետը։ Շատ գրագետ, նորմալ կազմակերպված, արտառոց ոչինչ չհիշեցնող միջոցառում էր։ Կային հյուրեր արտասահմանից, ովքեր տեսան մեր կոթողները։ Կարծում եմ՝ սա միջոց է նաև մեր երկիրը ներկայացնելու։ Բայց երբ պարզվում է (ես մամուլում եմ կարդացել), որ իրենց շատ վատ են պահել, համապատասխան հագուստով չեն եղել, աղտոտել են միջավայրը, դա արդեն անթույլատրելի է։ Պետք է հասկանալ՝ ում, որտեղ, ինչ ծրագրերի համար են տարածք տրամադրում։

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
(ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Ես պատմական արժեքները կրող անձնավորություն եմ։ Ցավում եմ տեղի ունեցածի առնչությամբ՝ համարելով, որ դա անթույլատրելի է։ Ավելին ասեմ, տհաճ պատահականությամբ իմ բարեկամներից մեկը ընտանիքով՝ երեխաների հետ, նույն օրն այցելել է Զվարթնոց տաճար, որպեսզի երեխաներին ցույց տա մեր մշակութային երբեմնի հզոր կառույցը, բայց հանդիպել է այդ անցյալի հանդեպ այսօրվա վերաբերմունքին։ Փաստորեն, մարդը հնարավորություն չի ունեցել իր երեխաներին ներկայացնելու սեփական ժողովրդի պատմությունը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ